Պատահարներ

4 քույրերի լույսն էր Արարատս

Հյուրասենյակի անկյունում անմիջապես երևում է Արարատին նվիրված անկյունը․ ընտանեկան լուսանկարներում նա ժպտում է։ Նկարների կողքին նստած է մայրը։ «Քույրերին նման է Արարատը»,- ասում եմ՝ նայելով լուսանկարներին (քույրերից 2-ին ճանաչում եմ, հեղ.)։

«Էհ 4 քույրերի լույսն էր Արարատս»,- խորը հոգոց հանելով ասում է Արարատի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը։

Արարատ Ծատուրյանի ընտանիքը ապրում է Տավուշի մարզի Ջուջևան գյուղում։ 46-ամյա Արարատը Տավուշում տեղակայված զորամասերից մեկի բժիշկն էր ու բուժկետի ղեկավարը։ 14 տարի ծառայության մեջ է եղել: Ենթասպա Արարատ Ծատուրյանը զոհվել է հոկտեմբերի 20-ին Որոտանում, ռազմաճակատ մեկնելու հաջորդ օրը։

«Արարատս շատ սպասված էր, 3 աղջիկ ունեինք արդեն, տղա էինք ուզում։ Էդ ժամանակ էխո չկար, չգիտեինք՝ ինչ սեռ են, բայց գիտեի, որ զույգ են։ Առաջին երեխան ծնվեց՝ տղա էր, հետո աղջիկս ծնվեց։ Տեսակցության եկած բարեկամներից մեկն էլ պատմեց, որ էդ օրը Արարատ-Կայրաթ ֆուտբոլային հանդիպումն էր, ու ասաց, որ երեխեքին թիմերի անունները դնեմ՝ Արարատ ու Կարինե»,- պատմում է մայրը։

Լաուրան գյուղի 42 տարվա բուժաշխատողն էր, վերջինիս հայրը ևս բժիշկ է եղել։ Արարատն էլ որոշել էր շարունակել մոր մասնագիտությունը։ Ջուջևանի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել էր Վանաձորի պետական բժշկական քոլեջում, ձեռք բերել բուժակի մասնագիտություն, ապա նորից տեղափոխվել գյուղ․ աշխատել հոգեկան առողջական խնդիր ունեցողների հետ, ապա ծառայության անցել ՊՆ զորամասերից մեկում։ Աշխատելու տարիներին Արարատը ծանոթացել է ապագա կնոջ՝ Նաիրա Խաչիկյանի հետ, 2001թ․-ին ամուսնացել են, ծնվել են նրանց 2 դստրերը։

Վերջին տարիներին Նաիրան ևս աշխատանքի է անցել նույն գումարտակում՝ որպես բուժքույր։ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ՝ հոտեմբերի 19-ին, Արարատին զորամասի զինվորների հետ տեղափոխել են Արցախ, նույն ավտոբուսում է եղել նաև Նաիրան։ Բժիշկներին պետք է հավաքագրեին, ապա տարբեր կետեր ուղարկեին, սակայն Արարատը դիմել է հրամանատարությանն ու կնոջն իջեցրել են մեքենայից։

«Ասաց, երկու-երկու երեխեքին ո՞ւմ մոտ պիտի թողնենք, որ երկուսիս տանում եք։ Էդպես ինձ իջեցրեցին կես ճամփին»,- հեռախոսազրույցի ընթացքում պատմում է Նաիրան։ Մեր այցելության ժամանակ նա ծառայության մեջ էր՝ դիրքերում։ Ամուսնու զոհվելուց հետո Նաիրան դարձել է գումարտակի բուժկետի պետն ու ստանձնել ամուսնու պարտականությունները։

Լաուրա Պետրոսյանը վստահեցնում է՝ որդին շատ ծանրաբեռնված էր, բայց դրա հետ մեկտեղ սիրում էր իր գործը ։ «Երկուսն էլ շատ էին աշխատում, մեկը տուն էր գալիս, մյուսը՝ գործի գնում։ Արարատը ամիսը 14 օր դիրքում էր լինում, բայց ամեն օր մեզ հետ խոսում էր», — ասում է մայրը։

Կրտսեր դուստրը սեղանից բերում է ընտանեկան լուսանկարների ալբոմը, միասին թերթում ենք։ Մանեի ու Նանեի մանկության նկարներն են։ Լուսանկարներում Արարատը քիչ է երևում։

«Պապան նկարվել չէր սիրում, հազիվ էինք համոզում, որ մի հատ նկար աներ»,- ասում է Նանեն, ապա մոտեցնում դաշնամուրի վրայի շրջանակներից մեկը։

«Էս պապայի վերջին լուսանկարներից ա, իմ ընդունելության քննությունից հետո ենք նկարվել։ Իջևանից հետդարձի ճամփին Հաղարծինում կանգ առանք, նկարվեցինք, նոր եկանք։ Ուրախ օր էր»,- ասում է նա։

Արարատի համար կարևոր է եղել զավակներին լավ կրթություն տալը: Նանեն ընդունվել է Տնտեսագիտական համալսարան, իսկ տասներորդ դասարանցի Մանեն ուզում է բժիշկ դառնալ։

Սահման մեկնելու մասին ընտանիքի անդամներից միայն կինն է իմացել, աղջիկներն ու մայրն ասում են, որ թեև իրենց համար կանխատեսելի էր, որ ռազմական բժիշկին կկանչեն ծառայության, այնուամենայնիվ չեն իմացել, որ Արարատն Արցախում է։

Արարատը վերջին անգամ հոկտեմբերի 20-ին է զանգահարել աղջիկներին, զոհվելուց մի քանի ժամ առաջ։ «Բան չասաց, որ չհասկանանք՝ ուր է։ Հարցրեց՝ ո՞նց եք, ի՞նչ եք անում, հարցուփորձ արեց դասերից», — հիշում է Նանե Ծատուրյանը։

Արարատի մահվան լուրը մարտական ընկերները կնոջն են հայտնել։ Պատմել են, որ զոհվելու պահին Արարատը մարտի դաշտում վիրավոր զինվորին բուժօգնություն է ցույց տալիս եղել․ իրենց զինվորներից վիրավորներ են ունեցել։ Մահվան պատճառի մասին տարբեր կարծիքներ են հնչել. «Ասում են դիպուկահար է եղել, բայց դե ես հստակ չեմ կարող իմանալ, ես չեմ տեսել», — հեռախոսազրույցի ընթացքում ասում է Արարատի կինը։

Նրա հագուստի գրպանից գտել են բուժօգնության կարիք ունեցող զինվորների անվանացանկը։ Արարատը հուղարկավորվել է զոհվելուց երկու ամիս հետո՝ հայրենի գյուղում։