Քաղաքական

Մակրոնի նոր առաջարկը․ Նոր հնարավորություն Հայաստանի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնն ստանձնելիս խոստացել է վերանորոգել արևմտյան դաշինքների ոգին։ «Հստակ ուղերձ եմ ուղարկում աշխարհին։ Ամերիկան վերադառնում է։ Տրանսատլանտյան դաշինքը վերադառնում է», – հայտարարել էր Բայդենը Արևմտյան առաջնորդներին հղված ուղերձում։ Բայց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է լրիվ նոր տրանսատլանտյան անվտանգային ճարտարապետություն 21-րդ դարի համար։ Մակրոնի տեսլականը համաեվրոպական պաշտպանական համակարգն է, որը կարող է ՆԱՏՕ-ից անկախ գործել։ Մակրոնը Բայդենի ելույթին պատասխանել է՝ «մենք ունենք օրակարգ, որը յուրահատուկ է», գրում է defenseone.com-ը։

Մակրոնը նշել է, որ Եվրոպան ունի սեփական անվտանգային խնդիրները, որոնք միշտ չէ, որ պահանջում են հենվել ԱՄՆ մասնակցության կամ թույլտվության վրա, հատկապես Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հետ Եվրոպայի սահմաններին ռազմական գործողությունների հարցում։ «Կարծում եմ՝ ժամանակն է մեր իսկ պատպանության համար ավելի մեծ բեռ վերցնելու», – ասել է Մակրոնը; Որպեսզի այդ գաղափարն աշխատի, Մակրոնը պետք է համոզի ԱՄՆ նոր նախագահին, եվրոպացի քաղաքական գործիչներին և իր իսկ ընտրազանգվածին։ Մակրոնն այս տարի փորձելու է վերընտրվել, բայց ձախականները դժգոհ են նրա քայլերից, այդ թվում՝ ավելի ամուր եվրոպական պաշտպանական համակարգի հարցում։ Մակրոնը կարծում է, որ այս նոր կարգն ավելի կուժեղացնի ՆԱՏՕ-ն։ Երկու շաբաթ առաջ Մակրոնն Ատլանտիկ խորհրդում ելույթի ժամանակ նշել է Բայդենի վարչակազմի հետ աշխատանքի երեք առաջնահերթություններ, որոնք բոլորն էլ հանգում են Եվրոպային տարածաշրջանային անվտանգության հարցում ավելի մեծ վերահսկողություն ու ճկունություն տալուն։ Մակրոնը նշել է, որ ՆԱՏՕ-ն տասնամյակներ շարունակ ԱՄՆ վերահսկողության տակ է եղել, իսկ ԱՄՆ բանակի հովանու ներքո գտնվող եվրոպացի անդամները պետք է գնեին ամերիկյանը։ Մինչդեռ, ամերիկյան զորքը, Մակրոնի խոսքով, սկսում է առանց նպատակի Եվրոպայում մնալ։

«Ինչ-որ պահից մենք պետք է ավելի մեծ պատասխանատվություն վերցնենք մեր հարևանության համար», ասել է Մակրոնը։ Մակրոնի խոսքով, Եվրոպան որքան ավելի մեծ մասնակցություն ունենա պաշտպանությանը, ներդնի և լինի իր հարևանության պաշտպանության մասը, այնքան ավելի կարևոր կլինի ԱՄՆ համար, որովհետև սա բեռի առավել արդարացի կիսում է։ «Մերձավոր Արևելքը, Աֆրիկան մեր հարևաններն են, այլ ոչ թե ԱՄՆ-ի», – ասել է Մակրոնը։

Ֆրանսիան հակասություններ ունի Թուրքիայի հետ՝ Լիբիայում վերջինիս տեղակայման և Հունաստանի հետ ծովային դիմակայության կապակցությամբ։ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել նոր համակարգ ստեղծել, որը ՆԱՏՕ-ի անդամներից կպահանջի համաձայնեցնել աշխատանքը ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական առումով։ Կարծես, Մակրոնն ուզում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը կապիտուլացվի։ Մակրոնն ասել էր, որ Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս հարված էր ամբողջ դաշինքին։ Մակրոնը ՆԱՏՕ-ից պահանջում է հստակ արդյունքներ՝ կարգավորել իրադրությունը Լիբիայում, հեռացնել թուրքական զորքը Լիբիայից, ազատվել Սիրիայից Լիբիա Թուրքիայով հազարավոր ջիհադականների տեղափոխությունից։ Մակրոնի համար սա կարևոր պահ է, նա պայքարում է իր քաղաքական ապագայի և եվրոպական «ռազմավարական ինքնավարության» համար։

Եթե Բայդենն ու նրա թիմը պատրաստ են դրան, ամեն դեպքում, դա ցույց չեն տվել։ Բայդենն ու նրա թիմը պետք է գործեն։ Նրանք հնարավորություն ունեն արմատապես վերափոխելու ժամկետանց տրանսատլանտյան անվտանգային հավասարակշռությունը՝ ավելի քիչ հենվելով ամերիկյան դոլարների ու զորքի վրա։ Դա չի նշանակում, որ Վաշինգտոնի ազդեցությունը կնվազի՝ հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ի համար ամերիկյան միջուկային հովանոցն անխախտ կմնա։ Մակրոնն ընդամենը պետք է ճանապարհ գտնի Բայդենի տանելու այդ ճանապարհով, գրում է defenseone.com-ը։

Մակրոնը փորձում է նորոգել ՆԱՏՕ-ն, Եվրոպան դարձնելով ակտիվ դերակատար ոչ միայն տնտեսական ու հարեւանության նախագծերի, այլեւ անվտանգության առումով։ Հայաստանն այս ծրագրերում կարող էր ակտիվ դեր ունենալ Թուրքիային զսպելու հարցում, հիշելով նաեւ մինչպատերազմյա շրջանում Հունաստանի, Կիպրոսի ու Եգիպտոսի հետ ակտիվ բանակցությունների փորձերը։ Այս երկրները, ինչպես նաեւ Ֆրանսիան համատեղ քաղաքականություն են վարում Արեւելյան Միջերկրականում Թուրքիային զսպելու ուղղությամբ։

Հայկական «քաղաքական դասը» սակայն միաբջիջ համակարգ է՝ առավելագույնը մունիցիպալ խնդիրներին ձգող, որի միակ «քաղաքական» ձգտումը ռուսական բարեհաճության վրա մակաբուծելն է։ Կասկած չկա, որ այս պարագայում էլ նույնիսկ նվազագույն քննարկումներ չեն լինի։ Որեւէ քաղաքական նախաձեռնություն, որը կարող է նպաստել անվտանգային խնդիրների լուծմանը, օրգանապես խորթ է քաղաքական դասի աշխարհայացքին ու մտածողությանը։