Հասարակություն

«Մենք արդեն Պռոշյան փողոցում ենք։ Առաջին ոստիկանական ավտոբուսն էլ եկավ»

Հայաստանի հարավային տարածաշրջան վարչապետի այցի կապակցությամբ մեծ լարվածություն ու աշխուժություն է սկսվել։ Երեկոյան, երբ պարզ դարձավ, որ վարչապետը Սյունիքում է, սկսեցին հրապարակվել նյութեր, որոնք հայտնում էին, որ վարչապետին տեղում անբարյացակամ են ընդունում։

Այսօր նույնիսկ միջադեպեր գրանցվեցին Սյունիքի տարբեր համայնքներում։ Վարչապետի հասցեին տարբեր հայհոյախառն մեղադրանքներ հնչեցին, արգելափակվեցին մեքենաներ։


Իրողությունը Երևանում տարատեսակ մեկնաբանությունների արժանացավ։ Ոմանք քննադատում էին սյուներիցների նմանօրինակ վարքը, ոմանք էլ իրենց հիացմունքն ու դրական վերաբերմունքն էին արտահայտում։

Գեղամ Մանուկյանի, Լիկա Թումանյանի և այլոց նախաձեռնությամբ այժմ էլ փորձ է արվում շրջափակել Երևանում գտնվող կառավարական առանձնատունը, որպեսզի խոչընդոտվի վարչապետի մուտքն այնտեղ։

Դեռ հայտնի չէ, թե այս նախաձեռնությունն ինչ ընթացք և ավարտ կունենա, բայց Լիկա Թումանյանն արդեն լուսանկարներ է տեղադրել՝ գրելով․ «Մենք արդեն Պռոշյան փողոցում ենք։ Առաջին ոստիկանական ավտոբուսն էլ եկավ։ Սկսում են կուտակել nւժայիններին»։