Քաղաքական

«Երդվում եմ, եթե ես լինեի գլխավոր հրամանատար ու էսպիսի վիճակ լիներ, ես ինձ կգնդակահարեի». Սերժ Սարգսյան

«Երդվում եմ, եթե ես լինեի գերագույն գլխավոր հրամանատար ու էսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի»,- Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և բնակիչների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ինքը եթե ունենար արժանապատվություն, ինքը պետք է ինքնասպան լիներ։ Ես երդվում եմ, եթե ես լինեի գերագույն գլխավոր հրամանատար ու էսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի։ Ո՞ւմ է պետք էդպիսի կյանքը։ 5 հազար հոգու մահ խղճիդ, քովիդի 5 հազարը չեմ ասում, ջախջախված զորք, ադրբեջանցին ուղղակի քեզ ծաղրում է, 10 կոպեկանոց է սարքում, ասում է՝ արա դու ով ես, որ ես քեզ հաղթած լինեմ, դու փալասի մեկն ես, ես հաղթել եմ… Ու գիտեք՝ ազգանուններ է ասում»,- նշել է Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը նաև անդրադարձել է իրենց թիմի սխալներին. «Իշխանության եղած ժամանակ քիչ ենք շփվել ու խոսել մարդկանց հետ, և, միգուցե, այն, ինչ տեղի ունեցավ 2018 թ. ապրիլին, պայմանավորված էր նաև դրանով, քանի որ կապն ինչ-որ չափով կտրվել էր ժողովրդի հետ:

Սակայն, մենք չենք ստել, մարդկանց մանիպուլյացիաների չենք ենթարկել, մեր հասարակությանը չենք բաժանել սևերի և սպիտակների, հարուստների և աղքատների, նորերի ու հների, ընդհակառակը՝ ցանկացել ենք միավորել մարդկանց, որովհետև հատկապես մեր պարագայում դա ուղղակի անհրաժեշտություն է: Պառակտված ժողովուրդը չի կարող սատար կանգնել իր բանակին, չի կարող թև ու թիկունք լինել իր անվտանգությունն ապահովողներին և անհրաժեշտության դեպքում համալրել նրանց շարքերը»: