Մշակույթ

Մահացել է Արմեն Շեկոյանը

Կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանը:

Արմեն Շեկոյանը ծնվել է 1953թ. մարտի 28-ին, Երևանում: 1974թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, 1985թ.` Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ 1976-90թթ որպես խմբագիր և գլխավոր խմբագիր աշխատել է հրատարակչություններում ու խմբագրություններում («Ծիծեռնակ», «Գարուն», «Գրական թերթ», «Բանբեր», «Առավոտ»):

1982թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Աշխատել է նաև Երևանի պետական բժշկական ինստիտուտում, Գրական ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարկչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում։ 1990-92թթ եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիրը, 1992-97թթ՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենը։ Հեղինակ է շուրջ երկու տասնյակ բանաստեղծությունների, մանկական բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածուների: