ԳԼԽԱՎՈՐՇոուբիզնես

«Ստիպված կլինեմ գնալ հայրենիքիցս»․ Ջուսը՝ երեխա ունենալու, կողակից գտնելու և ապրուստի միջոցի մասին

Երգչուհի Ջուսը Yerevan24.info-ին պատմել է շոուբիզնեսի պասիվության, ապրուստի միջոց գտնելու, «Բնական Ջուս» ռեալիթի շոուի սկանդալի, երկիրը լքելու մտադրության մասին:

— Վերջին շրջանի Ձեր պասիվությունն ինչո՞վ է պայմանավորված: Այս պահին ի՞նչ գործունեությամբ եք զբաղված, որտե՞ղ եք երգում:

— Կարծում եմ՝ շատ շատերը պասիվացան․ շոուբիզնես չկա։ Համերգներ, ելույթներ չկան։ Հիմա դրա ժամանակն էլ չէ, քանի որ ավելի լուրջ հարցեր կան երկրում։ Մինչև 2020 թվականը ես շատ ակտիվ էի․ ունեի համերգներ և՛ Հայաստանում, և այլ երկրներում։ Վերջին տեսահոլովակս դուրս է եկել 2019 թվականի աշնանը՝ «Շնորհավոր» անունով։

— Անակնկալ ունե՞ք Ձեր հանդիսատեսի համար: Երբ սպասել նոր տեսահոլովակի:

— Նոր ու հիանալի երգ ունեմ, որը էմոցիոնալ դուետ է Սերգոյի հետ։ Այն արդեն պատրաստ է։ Թեև տեսահոլովակը պետք է դուրս գար 2020-ին, բայց եղավ այն ինչ եղավ․․․ եթե շուտով ամեն բան անցնի երկրում, նկարահանումները կսկսենք։

— Երբ չկան համերգներ, ինչպե՞ս եք կարողանում գումար վաստակել և ապրել։

— Անչափ կարոտել էի բեմը, նոր-նոր սկսել են ելույթները և արդեն կարողանում եմ գումար վաստակել։ Իսկ մինչ այդ շատ օգնում էին իմ բոլոր ընկերները։ Եվ հենց դա ինձ ստիպեց հասկանալ Ալլա Պուգաչովայի «Не имей 100 рублей, а имей сто друзей» երգի ողջ խորությունը։ Իսկապես, մարդը հարուստ է իր ընկերներով։

— Ձեր կերպարը մշտապես տարբերվել ու առանձնացել է: Սակայն, նույնը տեսնելիս հանդիսատեսը փոքր-ինչ հոգնում է: Ի՞նչ խենթության եք պատրաստ կրկին զարմացնելու և հետաքրքրությունը Ձեր անձի նկատմամբ չկորցնելու համար:

— Ես երբեք նույնը չեմ լինում թե՛ կերպարային առումով, թե՛ առհասարակ արվեստի մեջ։ Երևի թե միակ երգչուհին եմ, որն անընդհատ փոփոխվում է և մի կերպարը երբեք նման չի լինում մյուսին։

— Հայաստանյան TV-ներից մեկում ժամանակին եթեր էր հեռարձակվում ձեր հեղինակային «Բնական Ջուս» ռեալիթի շոուն, հետո այն դադարեց։ Ո՞րն էր պատճառը, գուցե այսօր բացեք փակագծերը…

— Պարզապես, ռեժիսորի հետ չհասկացանք իրար և դադարեցրինք ռեալիթի շոուի նկարահանումները։ Մեծ ափսոսանք զգացի, քանի որ բավականին դիտողներ ունեինք։

— Անձնական կյանքում նորություն ունե՞ք: Արդյոք Ձեր կողքին տղամարդ կա՞:

— Այն ինչ իմ կյանքում մնում է անփոփոխ՝ անձնականն է։ Ես ահավոր պահանջկոտ եմ և սիրում եմ, որ տղամարդը ինձ գեղեցիկ ձևով հասնի։ Ես դեռ մենակ եմ, իմ կողքին չկա տղամարդ։ Ազա՛տ, անկա՛խ Ջուսաստան։

— Չե՞ք մտածում կամ պատրաստվում մայրանալ:

— Երբ գտնեմ իմ ուզած և ճիշտ տղամարդուն, բնականաբար, շարունակությունը կլինի երեխայի տեսքով։

— Շարունակելո՞ւ եք մնալ և ապրել Հայաստանում: Արդյոք երկրից հեռանալու մտադրություն ունե՞ք, թե՞ ոչ:

— Բարդ հարց է։ Եթե իմ մասնագիտության հետ կապված ոչ մի ապագա չի լինելու, ստիպված կլինեմ գնալ հայրենիքիցս, բայց գնալ-գալով, ինչպես անում են շատ արտիստներ։ Միևնույնն է, ուր էլ գնանք, Հայաստանի պես տեղ չի լինելու, այն միակն է, մեր ամեն ինչն է, մեր արմատն ու սիրտն է։