ԳԼԽԱՎՈՐ

Թասիբով հայ տղամարդն ինքը կփնտրի ինձ. Շպրոտը՝ անձնական կյանքի, զինվորներին օգնելու և Արմինկայի հետ շփումը վերսկսելու մասին

Yerevan24.info-ն հայկական էստրադայի ամենաէպատաժային երգչուհիներից մեկի՝ Շպրոտի հետ զրուցել է երկրում ստեղծված իրավիճակի, հայրենիքում գտնվելու և զինվորներին օգնություն ցույց տալու, աշխատանքային գործունեության և Արմինկայի հետ ունեցած տարաձայնությունից հետո՝ հաշտվելու և նրա հետ զուգերգ կատարելու մասին: 

— Շպրոտ, ունեցանք պատերազմական ծանր օրեր, ի՞նչ ապրումներ ունեիք Դուք։ Ի՞նչ զգացողություն ունեցաք նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է հողերը հանձնելու համաձայնագիրը։

— Անորոշ, անօգնական, պարտված, հիասթափված, կոտրված, խաբված զգացի:

— Ձեր կարծիքվ՝ ո՞վ կամ ովքե՞ր են պատերազմի մեղավորները:

— Արդեն բան չեմ հասկանում: Պատերազմը սկսեց թշնամին, մենք էլ փաստորեն պատրաստ չէինք, միայն պաշտպանվում էինք: Տղաները նույնիսկ չեն հասցրել կռվել, քանի որ մեզ բնաջնջում էին հզոր զենքերով: Տղաներից շատերը անփորձ են եղել, բայց արժանապատվությունը սրտներում առանց երկրորդ մտքի գնացել են սահման, հաճախ մնացել են առանց հրամանատարի ու միայնակ պայքարել: Լսելով նրանց պատմությունները ապշում եմ:

— Ըստ Ձեզ, կա՞ մարդ, որը կարող է փոխարինել Փաշինյանին։

— Ես քաղաքականությանն այլևս չեմ հավատում և չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ ենք հողեր հանձնում, ինչո՞ւ ենք այսքան թույլ երկիր: Կարող եմ մեղադրել, բայց չէ՞ որ դրանից ոչինչ չի փոխվի: Չգիտեմ՝ ո՞վ կփրկի մեզ: Միակ հույսս լավատեսությունն է: Սիրենք ու հարգենք միմյանց ու Աստված մեր երեսին կնայի: Մարդուն էլ չեմ հավատում:

— Տևական ժամանակ է՝ լծված եք զինվորներին օգնելու գործին, հեշտությա՞մբ է ստացվում հավաքագրել գումարները:

— Գումարը մեր սիրելի Սփյուռքն է ուղարկում: Գումար հավաքելը դժվար չէ, դժվարը մեր հերոսներին ցավի մեջ, վիրավոր ու հիասթափված տեսնելն է:
Լսում եմ նրանց պատմությունները, իրենց մոտ «էշ-էշ» ժպտում, հետո գալիս եմ տուն մամայիս մոտ լացում:

— Մշտապես նոր, տարբերվող երգով ու տոսահոլովակով եք հանդես գալիս, որը բում է առաջացնում: Այս անգամ ինչո՞վ եք զարմացնելու:

— Պատերազմից առաջ Արմինկայի հետ նոր տեսահոլովակ էինք նկարահանել, Թաթայի «Անապատի արև» երգի հիման վրա: Սակայն այն դեռևս չի ցուցադրվել, քանի որ հիմա դրա ժամանակը չէ:

— Դուք երբեք չեք վախենում սկանդալային հայտարարություններ անել: Ձեր կյանքում կա՞ մի բան, որի մասին երբեք չեք ասել և հիմա կբացահայտեք:

— Ես վաղուց առաջվանը չեմ և փորձում եմ այլևս իմ կյանքից չխոսել: Թեև ուշ, բայց հասկացա՝ երբ անկեղծանում ես հետո դա քո դեմ են օգտագործում:

— Տարիներ առաջ հայտարարեցիք, որ ցանկանում եք երեխա ունենալ, ժամանակը չէ՞, այդ ուղղությամբ քայլեր անո՞ւմ եք։ Տղա՞, թե աղջիկ կցանկանայիք ունենալ։

— Երեխա ունենալն ինձ համար դարձել է քաղցր երազանք: Կապ չունի երեխայի սեռը, ինչ Աստված կամենա:

— Որքան ժամանակ է փնտրում եք թասիբով հայ տղամարդ, չե՞ք գտել։

— Պարզվեց, որ ես չպիտի փնտրեի, այլ ինքը: Երևի թասիբը չի թողնում, որ փնտրի:

— Շպրոտ, բոլորին հետաքրքրում է, թե ինչպես եղավ Ձեր և Արմինկայի համագործակցությունը, քանի որ երկար տարիներ չէիք շփվում միմյանց հետ: Խոսակցություններ կային, որ վիճվել եք, ինչպե՞ս եղավ, որ հաշտվեցիք:

— Արմինկայի հետ մենք միշտ ենք շփվել, այնպես չի եղել, որ նեղացած ենք եղել: Տարիներ առաջ, երբ Հայաստանից գնացի ԱՄՆ, ինքն էլ երեխա ունեցավ, մեր կապը փոքր-ինչ կտրվել էր: Հետո արդեն, երբ ինքը եկավ ԱՄՆ ես գնացի իր տուն, մենք նորից հանդիպեցինք ու մեր ընկերությունը շարունակվեց: Ինքը իմ շատ լավ ընկերն է եղել ու կա: Իսկ ամիսներ առաջ որոշեցինք համատեղ զուգերգով հանդես գալ և որոշեցինք, որ դա պետք է լինի «Անապատի արև» երգով: Հին ընկերներով, հին երգ ենք ներկայացնում:

Սոնա Հարությունյան