ԳԼԽԱՎՈՐՀասարակություն

Հերթական փայլուն գործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր 19 զինծառայողների կյանքը, ովքեր ստիպված թաքնվել էին մոտակա անտառում. ԱՀ նախագահ

Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահը:

«Ի դեպ, այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ արագ նահանջել է:

Փա՛ռք մեր բանակին:

Փա՛ռք Աստծո զորությանը»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 331 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։