Հասարակություն

Շուշիի մոտ փրկվել է վիրավոր ոստիկան, որը վեց օրից ավելի թաքնվել էր անտառում

Արցախի մարուդ իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ նոյեմբերի 13-ից մեկնարկած՝ անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում արդեն շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել:

Ըստ նրա՝ Շուշիի մերձակայքից օրեր առաջ գտնվել է ոստիկանության մեկ վիրավոր ծառայող, որն ավելի քան վեց օր թաքնվել էր անտառում։ Արտակ Բեգլարյանի գրառումը՝ ստորև։

«Աշխատանքները մեկնարկել էին Շուշիի հատվածում՝ վերջին օրերին ընդլայնվելով նաև Մարտունու, Կարմիր շուկայի ու Մատաղիսի ուղղություններով: Բանակցություններ են ընթանում նաև մյուս հատվածներում փոխանակման ու որոնման աշխատանքների իրականացման շուրջ:

Շուշիի մերձակայքից օրեր առաջ գտնվել է ոստիկանության մեկ վիրավոր ծառայող, ով ավելի քան վեց օր շարունակ թաքնվել էր անտառում և փրկվել որոնողական աշխատանքների արդյունքում: Ցավոք, առ այսօր ոչ մի այլ կենդանի զինծառայողի հնարավոր չի եղել գտնել:

Մի խումբ մարմինների նախնական փորձաքննության արդյունքներով արձանագրվել են վիրավորների սպանության ու զոհվածների մարմինների խեղման դեպքեր: Շուշիից գտնվել է երեք քաղաքացիական անձի մարմին, որոնք դաժանաբար սպանվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից:

Ինքնությունը պարզված մարմինները փոխանցվում են հարազատներին, իսկ երբ օբյեկտիվորեն հնարավոր չի լինում տեղում պարզել ինքնությունը, դա արվում է ԴՆԹ անալիզների արդյունքների հիման վրա:

Անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից՝ պաշտպանության նախարարությունների աջակցությամբ: Իսկ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աջակցում է տվյալների հավաքագրման ու մշակման հարցում, ինչպես նաև փաստահավաք առաքելության շրջանակներում արձանագրում է մարդու իրավունքների խախտումները:

Շատ կարևոր է, որ բոլոր պետական ու միջազգային կառույցներն աշխատեն առավելագույնս արդյունավետորեն ու օպերատիվորեն, որպեսզի հնարավոր լինի փրկել կենդանի անհայտ կորածների ու ռազմագերիների կյանքերը և հարազատներին հասցնել մեր զոհված հերոսների մարմինները: Ես էլ փորձում եմ իմ լիազորությունների սահմաններում ու դրանցից դուրս կատարել բոլոր հնարավոր քայլերը այդ նպատակին աջակցելու ուղղությամբ: Նշեմ, որ գերեվարված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մասով էլ մեր աշխատակազմում կատարվում են փաստահավաք աշխատանքներ՝ պարբերաբար տեղեկություններ փոխանցելով Կարմիր խաչին ու պետական լիազոր մարմիններին:

Կրկին իմ խորին ցավակցությունները, հպարտությունն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլոր զոհվածների հարազատներին. ձեր զավակները, եղբայրներն ու հայրերը զոհվել են բոլորիս համար, և բոլորս էլ ցմահ պարտք ենք նրանց, ձեզ ու Հայրենիքի բոլոր պաշտպաններին:

ԼՐԱՑՈՒՄ

Նշված ուղղություններով փոխանակումներն ինքնին չեն նշանակում, որ ադրբեջանական կողմից փոխանցված մարմինները նույն հատվածից են գտնվել. դեպքեր կան, որ այլ հատվածում գտնված մարմինները փոխանցվել են մեզ մեկ այլ հատվածում: Տեղյակ եմ, որ ԱՀ ու ՀՀ պետական մարմինների հատուկ ուշադրության տակ է հարավային ուղղությունը, հուսամ՝ միջազգային գործընկերների աջակցությամբ այդ առումով ևս շուտով նորություններ կլինեն»: