ԳԼԽԱՎՈՐՀասարակություն

Գտնված զինվորներից մեկը ջրանցքից ընկերներին փրկած 10-ամյա Արմենի հայրն է

Armtimes.com-ը գրում է․ Մարտի 21-ին անհետացած ու ընդամենը ժամեր առաջ գտնված պայմանագրային երկու զինծառայողներից մեկի՝ Կարեն Շահնազարյանի կինը՝ Ագապին, համացանցից է իմացել, որ ամուսինը կորել է:

Իսկ գտնվելու մասին տեղյակ են պահել ամուսնու բարեկամները, որոնք այս ընթացքում հազար ու մի տեղ են դիմել պայմանագրային Շահնազարյանի գտնվելու վայրը ճշտելու համար:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում մի կերպ զսպելով հուզմունքը՝ Ագապին պատմեց, որ վերջին անգամ ամուսնու հետ խոսել էր երեկ’ մարտի 21-ի, վաղ առավոտյան:

«Ժամը 7:40-ի սահմաններում էր. զանգեց, կարճ խոսեցինք, ասեց՝ օրը բացվի, կզանգեմ, բայց այդպես էլ չզանգեց: Ասեց, որ ուժեղ բուք է, վատ եղանակ: Մի պոստից մեկ այլ պոստ էր գնացել:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հայտնում զինառայողների վերաբերյալ, որոնց հետ կապը մարտի 21-ին կորել էր խիստ ձնաբքի պայմաններում N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում։

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ս.թ. մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը պայմանագրային զինծառայողներ Կ. Շահնազարյանի և Ա.Հովհաննիսյանի հետ։ Նույն օրը մեկնարկել էին լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց խանգարում էր չդադարող բուքը։

Մարտի 22-ին, օրվա երկրորդ կեսին, հաջողվել է տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը։ Ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին տարհանելու ուղղությամբ։ Եղանակային ծայրահեղ բարդ պայմաններում տարհանման աշխատանքներն իրականացնելուց հետո Կ. Շահնազարյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Ցավոք, Ա. Հովհաննիսյանի կյանքը փրկել չի հաջողվել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու համար»։