Հասարակություն

Գիշերը կորոնավիրուսից մահացած տղամարդն ուներ նաև այլ հիվանդություններ, նա բուժում էր ստանում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում․ Մանրամասներ

Գիշերը կորոնավիրուսից մահացած 68-ամյա տղամարդը, որը Մարալիկի բնակիչ էր, նախորդ օրերին բուժում էր ստացել նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը:

Նա նշեց, որ տղամարդու շփման շրջանակը նեղ է եղել, ընտանիքում ապրում էր կնոջ հետ, վերջինը նույնպես չէր աշխատում ու ամուսնու շփումների մասին տեղեկություն չունի։

«Մահացած տղամարդը շատ քիչ շփում ուներ մարդկանց հետ, նա վերջին տարիներին որսորդությամբ էր զբաղվում և իր կյանքն ու կանցաղը դասավորվում էր ըստ այդմ։ Նա բավականին լուրջ առողջական խնդիրներ ուներ ու վերջին տարիներին բուժվում էր»,- ասաց համայնքի ղեկավարը։

Արտակ Գևորգյանը տեղեկացրեց, որ տղամարդը մահացել է Երևանում, իսկ մինչև այդ՝ մարզային հիվանդանոցում բուժվելու ընթացքում, կասկած, կարծես թե, չի եղել, որ նա վարակված է կորոնավիրուսով։ Համայնքի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ մեկուսացված է նաև նրա աղջկա ընտանիքը, որը Երևանում է ապրում:

Մարալիկի բնակիչներից մեկը, որը չցանկացավ անունը հրապարակել, նշեց, որ մահացած տղամարդը վերջին 10 օրում Ձորակապ համայնքում մասնակցել է թաղման արարողության։

«Համայնքից միայն մի կին տեղափոխվել էր Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, անալիզ էր հանձնել, պարզվել է, որ կնոջ մոտ առկա է միակողմանի թոքաբորբ, սակայն նա թաղմանը չի մասնակցել»,֊ ասաց համայնքի ղեկավարը։

Աղբյուր