Հասարակություն

Փորձեք քնել որովայնի վրա, դա դեղորայքից ավելի լավ է պաշտպանում COVID-19-ով վարակվածների թոքերը. բժիշկ-սրտաբանի խորհուրդները

ԱՄՆ-ում 20 տարվա բժշկական ստաժ ունեցող բժիշկ-սրտաբան Նանա Գեգեչկորին, որ վերջին 5 տարիներին աշխատում է Նյու Յորքի «Mount Sinai» հիվանդանոցային ցանցի սրտաբանական բաժանմունքում, իր ֆեյսբուքյան էջում խորհուրդներ է տվել COVID-19-ով վարակված իր հիվանդներին:

Նա իր գործընկերներին հորդորել է առանց լուրջ ախտանշանների հիվանդներին դեղորայքային բուժում չնշանակել։

«Կորոնավիրուսային հիվանդության ժամանակ դեղամիջոցներն օգտագործվում են միայն այն դեպքում, եթե հիվանդը թթվածնային անբավարարություն ունի: Հակառակ դեպքում, մենք ոչ մի դեղ չենք օգտագործում»,- հայտարարել է Գեգեչկորին` հրապարակելով խորհուրդների մի ամբողջ ցանկ:

1. Նշեք ախտանիշների ի հայտ գալու առաջին օրը։

2. Ուշադիր հետևեք ախտանշաններին, նշեք նոր ախտանիշի ի հայտ գալը, ինչը կօգնի բժշկին կանխատեսել հիվանդության ընթացքը։

3. Օգտագործեք մեծ քանակությամբ հեղուկ։

4. Փորձեք սնվել հնարավորինս լիարժեք: Հիվանդները հոտի և համի զգացողության կորուստ են ունենում, և ուտելու գործընթացը կարող է տհաճ լինել, բայց անհրաժեշտ է, որպեսզի էլեկտրոլիտային հավասարակշռությունը չխաթարվի և ջրազրկում չլինի:

5. Եթե մեկուսացման ընթացքում հնարավորություն ունեք, շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում, դուրս եկեք պատշգամբ, քայլեք այնպիսի վայրերում, որտեղ մարդ չկա։

6. Փորձեք քնել որովայնի վրա: Դա թոքերը պահպանելու ավելի լավ միջոց է, քան դեղորայքը: Սա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր ունեն վառ արտահայտված հազ կամ դժվարաշնչություն: Քնելու այդ ձևը խորհուրդ չի տրվում ճարպակալում ունեցող հիվանդներին։

7. Շնչառական անբավարարության դեպքում անհրաժեշտ է մարզել թոքերը` սպիրոմետրի միջոցով: Դա կարելի է փոխարինել սովորական փուչիկով կամ գնդակով և օրվա ընթացքում մի քանի անգամ փչել: Որքան շատ, այնքան ավելի լավ: Հիվանդությունը բնութագրվում է ընդհանուր թուլությամբ, սակայն պետք է փորձել ապահովել թոքերի լավ օդափոխությունը։

8. Ցանկալի է ունենալ զարկաչափ, որը կարելի է կրել ձեռքի մատին և վերահսկել արյան մեջ թթվածնի պարունակությունը: Խորհրդակցել բժշկի հետ։

9. Հետևեք Ձեր մարմնի ջերմաստիճանին։

10. Մի մոռացեք քրոնիկ հիվանդությունների խիստ վերահսկողության մասին: Հատկապես անհրաժեշտ է կառավարել շաքարային դիաբետը: Ինքնակամ չօգտագործել ոչ մի դեղորայք:

11. Եթե սուր անհրաժեշտություն չկա, այս հիվանդության ընթացքում փորձեք այլ հիվանդության դեմ նոր դեղամիջոցներ չընդունել։

12. Շատ հանգստացեք, փորձեք ուժեղ մնալ: Ձգտեք, բժիշկներից բացի, չհետևել կողմնակի խորհուրդների և չկառչել բացասական տեղեկություններից: Տարբեր աղբյուրներ կարող են Ձեզ շփոթության մեջ գցել: Ընտրեք Ձեր բժշկին, որին վստահում եք և հետևեք նրա խորհուրդներին։

13. Մի ապավինեք ոչ պաշտոնական աղբյուրներին, որտեղ լիքը կեղծ տեղեկություններ կան։

14. Հիվանդության ընթացքում ոչ մի զբաղմունք սպորտով, բացառել դիետան։

15. Ամենակարևորը` հիվանդության ժամանակ անհրաժեշտ է խիստ մեկուսացում: Անհրաժեշտ է նաև պահպանել կարանտինային պայմանները ախտանիշների անհետացումից հետո:

Մինչև իրավիճակի բարելավումը մնացեք տանը, պաշտպանեք ինքներդ ձեզ և կփրկեք շատ կյանքեր»,- գրել է Նանա Գեգեչկորին:

Աղբյուր